Ես իրականում երբեք կողմ չեմ եղել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը. Մերկել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրականում երբևէ կողմ չի եղել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
Ինչպես հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Մերկելը նշել է, որ քանի դեռ Թուրքիայում տեղի են ունենում միջադեպեր, որոնք սազական չեն օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվող երկրներին, ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունների շարունակության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի կանցլերը մեկնաբանել էր Անթալիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալության դեպքը և հայտարարել, որ Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը:
Թուրքիայում ներկայում կա Գերմանիայի քաղաքացի 12 քաղբանտարկյալ, որոնց թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: