Սիրիական բանակին Դեր Զորում երկրորդ անգամ հաջողվել է ճեղքել ԻՊ-ի շրջափակումը
ՄիջազգայինՍիրիական բանակին Դեր Զորում հաջողվել է ևս մեկ կետից ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շրջափակումը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Այսպիսով Սիրիայի բանակի հինգերորդ կորպուսի ստորաբաժանումները դաշնակից ուժերի հետ ընդհուպ մոտեցել են Դեր Զորի հարավային ծայրամասերին:
Սիրիական բանակի ուժերը երկրորդ հաջող գրոհից հետո կարողացել են միավորվել բանակի՝ դեռևս սեպտեմբերի 5-ին Դեր Զոր քաղաք ներթափանցած զորախմբին, որոնց հետ հանդիպել են քաղաքի հարավային դարպասների մոտ:
Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»: