Կատալոնացիների մեծամասնությունը անկախության հանրաքվեն անօրինական է համարում
ՄիջազգայինԿատալոնիայի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության մասին հանրաքվեն անօրինական է:
Ինչպես գրում է DW.com-ը, այս մասին են վկայում Metroscopia հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնց համաձայն՝ հարցմանը մասնակցածների 56 տոկոսը կարծում է, որ եթե հանրաքվեն անցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է ներկայում, այն օրինական չի համարվի և իրավական ուժ չի ունենա:
Այդ նույն 56 տոկոսը, մեկ այլ հարցի պատասխանելով, կարծիք է հայտնել, որ ինքնավար մարզի կառավարությունը՝ Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ պետք է փոխի իր քաղաքական ռազմավարությունն ու անցնի Մադրիդի հետ բանակցություններին:
Նշվում է, որ հարցմանը հազար մարդ է մասնակցել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հանրաքվե անցկացնելու մասին ընդունած օրենքի գործունեությունը: