«Իրմա» փոթորիկը 9 մետր բարձրությամբ ալիքներ է առաջացրել Կուբայի ափերին
Միջազգային«Իրմա» կործանարար փոթորիկն այս գիշեր անցել է Հավանայի մոտակայքով՝ 60-120 կմ արագությամբ մոլեգնող և հորդառատ անձրևներով ուղեկցվող քամիներ բերելով Կուբայի մայրաքաղաք:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանը, կղզու հյուսիսարևմտյան ափի ողջ երկայնքով ծովի փոթորկային ալիքներ և ջրհեղեղի նշաններ են նկատվում: Ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 6-9 մետրի: Արգելափակված է տրանսպորտային երթևեկությունը Հավանայի ափամերձ հանգստավայրում:
«Կասաբլանկա» օդերևութաբանական կայանի տվյալներով՝ փոթորկի կենտրոնը շարժվում է 9 կմ/ժամ արագությամբ: Քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնական մասում երբեմն հասնում է 195 կմ/ժամի:
«Իրման» Կուբայի հյուսիսարևմտյան շրջանների համար վտանգավոր կլինի առաջիկա 12-24 ժամվա ընթացքում: Ներկա պահին այն շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ, և փոթորկի ազդեցությունն արդեն զգացվել է Ֆլորիդա նահանգում: