Եվրախորհրդի անդամները քննադատել են Թուրքիայի գերագույն և սահմանադրական դատարանների ներկայացուցիչներին
ՄիջազգայինԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում Եվրախորհրդի և Թուրքիայի արդարադատության համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խոսքի ազատությանն ու ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողով է տեղի ունեցել, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Համաժողովի ընթացքում եվրոպացի պաշտոնյաները խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայի գերագույն և սահմանադրական դատարանների ներկայացուցիչներին, ինչպես նաև Նախարարների խորհրդին, որը կայացնում է հիմնական որոշումները երկրում արտակարգ դրության պայմաններում:
Համաժողովի ընթացքում ընդգծվել է, որ Թուրքիայի դատախազությունների և առաջին ատյանի դատարանների որոշումները պետք է համապատասխանեն ՄԻԵԿ-ի և ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշումներին ու իրավական սկզբունքներին:
Քննարկվել է նաև Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ընդունված օրենքների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանելու հարցը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: