Փաստաբանները Սաակաշվիլիի անձնագրի գողության մասին հաղորդում կներկայացնեն
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները մտադիր են հաղորդում ներկայացնել Ուկրաինայի իրավապահ մարմիններին քաղաքական գործչի անձնագրի գողության առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի խախտել օրենքը սահմանը հատելիս և մտադիր է դատարանի միջոցով վերականգնել իր ուկրաինական քաղաքացիությունը: Նա հայտարարել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ «գողացել են նրա անձնագիրը»: Ոստիկանությունն այդ հայտարարությունը հերքել է:
Սաակաշվիլիի փաստաբանը դիմում է ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն ծառայություն իր պաշտպանյալին պետության լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու մասին՝ թույլ չտալու համար քաղաքական գործչի արտաքսումն Ուկրաինայից Վրաստան:
«Մենք հաղորդում կներկայացնենք նրա անձնագրի գողության մասին, և թող իրավապահները պարզեն, թե որտեղ է այն: Դա իրականում կատակ չէ»,- ասել է փաստաբան Մարկիյան Գալաբալան:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք: