Ուկրաինան կարող է չարտահանձնել Սաակաշվիլիին Վրաստան. Ուկրաինայի արդարադատության փոխնախարար
ՄիջազգայինՈւկրաինան կարող է չարտահանձնել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան, քանի դեռ այդ երկրի դատարանը նրա գործով որոշում չի կայացրել, այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Դենիս Չերնիշովը, գրում է apsny.ge-ն:
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ ըստ իրենց հասած փաստաթղթերի՝ Վրաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված, սակայն նա դեռ չի դատապարտվել դատարանի կողմից, հետևաբար՝ այդ գործընթացին Արդարադատության նախարարությունն առայժմ միջամտել չի կարող:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Սաակաշվիլին պատրաստվում է համախոհներ գտնելու նպատակով շրջագայել ամբողջ Ուկրաինայով՝ այն սկսելով Չեռնովցի քաղաքից։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: