Իրանը կփակի սահմանը Իրաքի Քուրդիստանի հետ հանրաքվեի դրական արդյունքների դեպքում. Ալի Շամխանի
ՄիջազգայինԻրանը կփակի սահմանը Իրաքի Քուրդիստանի հետ, եթե այն հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից: Այդ մասին հայտարարել է Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Իրաքի կենտրոնական իշխանություններից Քուրդիստանի անջատումը կնշանակի ընդհանուր սահմանի երկայնքով բոլոր սահմանային անցակետերի փակում»,- հայտարարել է Շամխանին IRIB հեռուստաընկերությանը՝ նշելով նաև, որ դա կբերի Իրաքում քրդական շրջանի հետ Թեհրանի ունեցած համաձայնությունների վերանայման:
Նա ընդգծել է, որ Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքը, ինչպես նաև այդ երկրի դաշնային իշխանություններին:
Հիշեցնենք, որ Իրաքի ինքնավար Քուրդիստանի իշխանությունները հանրաքվե են նշանակել Իրաքից անջատվելու հարցով սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են ճանաչել: