Ձեզանից դասեր առնելու կարիք չունենք. Գերմանիայի ԱԳՆ-ից պատասխանել են Թուրքիային
ՄիջազգայինԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Թուրքիայից հնչող քննադատություններին՝ կապված Քյոլնում քրդամետ հանրահավաքի անցկացման հետ:
Օրեր առաջ Գերմանիայի Քյոլն քաղաքում Քրդական միջազգային մշակութային փառատոնի շրջանակում տեղի քրդերը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ են պարզել, ինչն առաջացրել է Թուրքիայի զայրույթը: Դեպքից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ:
Ինչպես հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շաֆերը հայտնել է, որ Գերմանիան դաշնային ու իրավական պետություն է և շատ լուրջ է վերաբերվում ՔԱԿ-ի ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին:
«Այս հարցում Թուրքիայից դասեր առնելու կարիք չունենք», - ասել է գերմանացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: