Թրամփն ու Էրդողանը կոչ են արել Իրաքի քրդերին հրաժարվել հանրաքվեից՝ զգուշացնելով «լուրջ հետևանքների» մասին
ՄիջազգայինՆյու Յորքում նախօրեին հանդիպած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Երկու երկրների առաջնորդները շեշտել են, որ դեմ են Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը՝ հաշվի առնելով, որ դա Իրաքի տարածքային ամբողջականության խախտում է, ինչպես նաև կարող է վնասել Իրաքի տարածքում հակաահաբեկչական պայքարի համակարգված աշխատանքին:
Թրամփն ու Էրդողանը զգուշացրել են իրաքցի քրդերին, որ նման հանրաքվեն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: