Մադուրոն հայտարարել է, որ չի մեկնել ՄԱԿ-ի ԳՎ նիստին՝ անվտանգության նկատառումներից ելնելով
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», քանի որ նրան հայտնել են հնարավոր հարձակման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս տարի ես որոշել եմ չգնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին՝ անվտանգության նկատառումներով, քանի որ ինձ տեղեկացրել են ԱՄՆ-ում իշխանություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր հարձակումների մասին»,- ասել է վենեսուելացի նախագահն Արագուա նահանգում հյուրանոցի բացման առիթով միջոցառման ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ հայտարարություններ է արել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է Վենեսուելայի դեմ հետագա գործողությունների, եթե այդ երկրի կառավարությունը չփոխի իր քաղաքականությունը: Դրան ի պատասխան Մադուրոն ԱՄՆ առաջնորդին անվանել է «նոր Հիտլեր»: