Մալայզիայի քաղաքացիներին արգելել են Հս. Կորեա մեկնել
ՄիջազգայինՄալայզիայի իշխանություններն արգելել են երկրի քաղաքացիներին այցելել Հյուսիսային Կորեա՝ Կորեական թերակղզում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Մալայզիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքին:
Արգելքն անժամկետ է. այն կգործի այնքան, մինչև պաշտոնապես չհայտարարվի դրա չեղարկման մասին:
Ինչպես մեկնաբանել են Մալայզիայի արտաքին գործերի նախարարությունից, տվյալ որոշումը կապված է Կորեական թերակղզում լարվածության աճի և նոր հրթիռային փորձարկումների հետ: Որոշումը կվերանայվի, երբ «իրավիճակը կայունանա»:
ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման ժամանակ իր դեբյուտային ելույթի ընթացքում սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, ընդ որում՝ այն միջազգային կազմակերպության պատերի ներքո, որն ուղղված է, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, «փրկելու հաջորդ սերունդներին պատերազմական չարիքից»:
Հիշեցնենք, որ այս ամիս Հս. Կորեան հերթական՝ արդեն 6-րդ բալիստիկ հրթիռն է արձակել, որը թռել է Ճապոնական Հոկայդո կղզու վրայով դեպի Խաղաղ օվկիանոս: Այն թռել է տեղական ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 01:57): Յոթ րոպե անց այն հասել է Ճապոնիայի օդային տարածք, իսկ տեղական ժամանակով 07: 16-ին արդեն ընկել է ջրի մեջ: