ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. Արա Բաբլոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության եւ հեղինակության բարձրացման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները եւ օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում: Արա Բաբլոյանը նշել է. «Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջեւ համագործակցության եւ իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ:
Արա Բաբլոյանը պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ: