Քրդստանի իշխանություններն Իրաքի բանակի և քրդական փեշմարգայի միջև լայնածավալ բախումները հավանական չեն համարում
ՄիջազգայինԻրաքյան Քրդստանի խորհրդարանի փոխնախագահ Ջաֆար Իբրահիմը Sputnik-ի հետ զրույցում նշել է, որ իրենք Իրաքի բանակի և քրդական փեշմարգայի միջև լայնածավալ բախումները հավանական չեն համարում:
«Մենք նման բան չենք ակնկալում: Արդեն իսկ ճգնաժամային վիճակում գտնվող այս տարածաշրջանում չեմ կարծում, որ Իրաքի ժողովուրդը թույլ տա նոր ռազմական բախում», - ասել է քուրդ քաղաքական գործիչը՝ հավելելով, որ բախման վտանգ, իհարկե, կա, և եթե այն տեղի ունենա՝ դրա պատասխանատվությունն ամբողջովին կլինի Իրաքի կենտրոնական իշխանությունների վրա:
Իբրահիմը նաև անդրադարձել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքորոշմանն ու այն անվանել ռազմավարական լուրջ սխալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: