Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին
ՄիջազգայինԹուրքիան «լուրջ» գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Associated Press-ը:
Ռազմական գործողությունն իրականացվում է Թուրքիայի աջակցությունը ստացող Սիրիայի ընդդիմադիր ուժերի հետ:
Թուրք զինվորականները մտադիր են Իդլիբում տապալել Ալ-Քաիդան:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան կարող է մտնել երկարատև և թանկ պատերազմի մեջ, քանի որ Ալ-Քաիդան տասնյակ հազարավոր մարտիկներ ունի և որոշակի ժողովրդականություն է վայելում տեղի բնակչության մոտ՝ ի տարբերություն ԻՊ-ի:
Շրջանում գործողության իրականացումը սպասված հայտարարություն էր Աստանայում անցած ամիս տեղի ունեցած բանակցություններից հետո, երբ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը համաձայնել են շրջանում «անվտանգության գոտի» ստեղծել:
Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ թուրքական զորքերը հեռացրել են սահմանի որոշ հատվածներում տեղադրված արգելապատնեշները՝ տրանսպորտային միջոցների անցնելու համար ճանապարհ բացելով: