Ղրղզստանի նախագահը չեղարկել է Սոչիում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին այցը
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը չեղարկել է Սոչի այցը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների օրը որոշ քաղաքական գործիչների կողմից անկարգություններ նախապատրաստելու վերաբերյալ փաստերի բացահայտվելու պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Հաշվի առնելով առանձին քաղաքական գործիչների կողմից հանցավոր տարրերի ներգրավմամբ ընտրությունների օրը զանգվածային անկարգությունների նախապատրաստելու, ինչպես նաև արտասահմանից այդ քաղաքական գործիչների ֆինանսավորման վերաբերյալ փաստերի հայտնաբերումը՝ նախագահը որոշել է չեղարկել աշխատանքային այցը անձամբ երկրում կարգն ու անվտանգությունը վերահսկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ատամբաևի այցը Սոչի նախատեսվում էր հոկտեմբերի 10-ից 11-ը: Ատամբաևի փոխարեն Ղրղզստանի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Սապար Իսակովը: