Մեքսիկական բանտում ընդվզման հետևանքով 13 մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեքսիկական Կադերեյտա քաղաքի բանտում տեղի ունեցած ընդվզման հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտնում է ria.ru-ն՝ տեղի իշխանություններին հղումով: Նշվում է, որ ևս 8 բանտարկյալ այժմ գտնվում է ծանր վիճակում, ուստի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Իշխանությունների փոխանցմամբ՝ ընդվզում սկսած բանտարկյալները պատանդ են վերցրել անվտանգության ծառայության 3 աշխատակցի, ինչից հետո իշխանությունները տևական ժամանակ բանակցել են նրանց ազատ արձակելու շուրջ:
Այնուամենայնիվ, բանակցություններն ապարդյուն են ավարտվել: Դրանից հետո որոշվել է գրոհ սկսել ու ընդվզողների դեմ զենք կիրառել:
Հայտնի է, որ ընդվզման պատճառը բանտի ներսում թշնամական հարաբերությունների մեջ գտնվող հանցախմբերի պայքարն է: Այժմ իրավիճակը իրավապահների վերահսկողության տակ է: