Կորյուն Նահապետյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ճանապարհին այլընտրանք չի տեսնում
ՔաղաքականԱդրբեջանը, ռազմական ագրեսիա իրականացնելով, ցույց է տալիս, որ որեւէ կերպ պատրաստ չէ հակամարտության քննարկմանը: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման շրջանակում սպասվող քննարկները կարեւոր են և անհրաժեշտ:
«Եթե անգամ մեր սպասելիքներին էլ չեն համապատասխանում եւ չեն տալիս այն արդյունքը, որ ուզում ենք ստանալ, միեւնույնն է, ավելի լավ է բանակցել օրակարգային որոշակի հարցերի շուրջ, քան մտածել, որ վաղը կամ մյուս օրը հակառակորդը կարող է ռազմական գործողություն իրականացնել: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք հաշվարկում մնացած բոլոր սցենարները, բայց ամեն դեպքում մեր պատրաստակամությունը հայտնել ենք և իրականացնում ենք այդ ամենը, որ բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի. որեւէ այլ ճանապարհ մենք չենք տեսնում»,-ասաց նա: