Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 230-ը, կա ավելի քան 300 վիրավոր
ՄիջազգայինՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 231-ի:
Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, ավելի քան 300 մարդ վիրավորվել է: Զոհերի մեծ մասը տեղի բնակիչներ են: Մահացածների թվում մի քանի զինվորականներ կան:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության կատարողը մահապարտ ահաբեկիչն է եղել: Նա բեռնատարի ղեկին է գտնվել, որով նախ վթարվել է՝ բախվելով այլ մեքենաների և մոտոցիկլետերի, այնուհետև քաղաքի կենտրոնում դուրս է եկել բանուկ խաչմերուկ: Այնտեղ էլ գործի է դրել պայթուցիկը, ինչի հետևանքով շրջակա շենքերն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են:
Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործը մտադրություն է ունեցել պայթյուն իրականացնել մոտակայքում գտնվող հյուրանոցում, որտեղ հաճախ հանգրվանում են լրագրողներն ու քաղաքական գործիչները, սակայն չի հասել հյուրանոցին:
Կատարվածի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել: