Բրազիլիայի խորհրդարանի հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագահ Թեմերին մեղադրանք առաջադրելուն
ՄիջազգայինԲրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի Սահմանադրության եւ արդարադատության հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագահ Միշել Թեմերին մեղադրանք առաջադրելու նախագծին: Համապատասխան որոշումն ընդունվել է 39 ձայնով՝ 26-ի դեմ, հայտնում է Globo հեռուստաալիքը:
Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ նախագահը մասնակի անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից, հետեւաբար նրան մեղադրանք ներկայացնելու որոշումը կարող է ընդունվել միայն երկրի Դաշնային Գերագույն դատարանի կողմից:
Բացի դրանից, Գերագույն դատարանը պետք է համապատասխան թույլտվություն ստանա խորհրդարանից` պետության ղեկավարի դեմ մեղադրանք առաջադրելու համար, որը պետք է ստորագրի օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առնվազն երկու երրորդը:
Մինչ հարցը քննարկվում է Պալատի լիագումար նիստում, այն պետք է քննարկվի խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի կողմից ևս:
Հանձնաժողովի քվեարկությունից սակայն ոչինչ չի կախված, նախագահի դեմ ուղղված գործընթացը դադարեցնելու կամ շարունակելու որոշումը, ամեն դեպքում, պետք է ընդունվի ստորին պալատի կողմից:
Այնուամենայնիվ, Թեմերի կողմնակիցների հաղթանակը Սահմանադրության և Արդարադատության հանձնաժողովում ապացուցում է բազմաթիվ պատգամավորների կողմից նախագահի աջակցությունը: