Թամար Կապրելյանը մանրամասներ է պատմել իր նոր` «Նուբարի բոյը չինար է» երգի մասին
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ամերիկաբնակ հայ երգչուհի Թամար Կապրելյանը վերջերս ներկայացրել է «Նուբարի բոյը չինար է» հայտնի երգի իր տարբերակը: Երգերի ընտրության հարցում շատ նրբանկատ է, ասում է՝ սիրում է այնպիսի երգեր, որոնց շնորհիվ ինչ-որ պատմություն կարող է պատմել, իսկ երգի պատմությունը պետք է ինչ-որ ազդեցություն ունենա իր վրա: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է նոր աշխատանքի ստեղծման մասին:
«Ես և Դեր-Հովան ուզում էինք մշակել մի երգ, որի մշակումը չեն արել և որը դասական է, սիրված հայերի կողմից: Մինչև աշխատանքը սկսելը ես և Դեր-Հովան ուզում էինք համոզվել, որ կարող ենք ինչ-որ նորություն և թարմություն տալ երգին՝ պահպանելով այն, ինչ շատ սիրված է մարդկանց կողմից: Սա էր այն բալանսը, որն ուզում էինք գտնել»:
Մինիմալիստական ոճում տեսահոլովակը նկարահանել են մեկ օրում, Ազատի ջրամբարում: Իսկ գաղափարը ծնվել էր այն ժամանակ, երբ Թամարը դեռ Իսրայելում էր. «Ես շատ ոգեշնչված էի այնտեղ անցկացրած ժամանակով, մարդկանցով և գեղատեսիլ վայրերով: Այդ ճամփորդությունից հետո միտք առաջացավ տեսահոլովակը նկարահանելու անապատային թեմատիկայով: Սա իմ, Դեր-Հովայի և Աշոտ Հովսեփյանի ջանքերի և համագործակցության արդյունքն է: Այս տեսահոլովակը հարգանքի տուրք է Հայաստանին ու հայկական բնությանը»:



Երգչուհին պատմում է, որ տեսահոլովակը և երգը դուր է եկել նաև իր օտարերկրացի ընկերներին. «Սա սիրո երգ է Հայաստանի մասին: Երգի բառերն ուղարկել եմ շատ մարդկանց, ովքեր հայ չեն և բնակվում են Ամերկայում, աշխատում երաժշտության, ֆիլմարտադրության բնագավառում: Նրանք նույնպես կարծում են, որ այս երգը շատ գեղեցիկ է: Հանճարեղ երգը մնում է հանճարեղ՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով ես երգում»:
Թամարը պատմում է, որ սկսել է ձեռնարկել նոր քայլեր՝ ներկայացնելու իր ստեղծագործական կյանքը: Ես կարծում եմ՝ այն երգերը, որոնք գրում և ձայնագրում եմ, կոմերցիոն են: Նախ և առաջ՝ փոփ ժանրը կոմերցիոն է, բայց կոնկրետ «Նուբարի բոյը չինար է» երգի հետ կապված ինձ համար գլխավորն այն էր, որ այն կապում եմ իմ և, առհասարակ, հայերի ժառանգության հետ: Ես այնքան եմ սիրում Հայաստանը, որ տեսահոլովակի նկարահանման ժամանակ պատկերացնում էի, որ իմ Նուբարը հենց Հայաստանն է»,- եզրափակեց երգչուհին:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի