Ռուսաստանը կարող է դուրս հանել Սիրիայից ռազմական ուժերի մի մասը. «Коммерсантъ»
ՄիջազգայինՌուսաստանը մտադիր է դուրս հանել Սիրիայի տարածքից իր ռազմական ուժերի մի մասը, այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ հղում անելով իր ռազմադիվանագիտական աղբյուրներին:
Պարբերականը մեջբերում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալները, համաձայն որոնց Սիրիայի իշխանություններն այժմ վերահսկում են երկրի տարածքի 95 տոկոսը, այդ իսկ պատճառով հավելյալ օգնության կարիք չունեն:
Նշվում է, որ նման որոշման կայացման դեպքում կկրճատվի Սիրիայի տարածքում գտնվող ռուսական օդատիեզերական ուժերի խառը ավիախումբը, մինչդեռ հակաօդային պաշտպանության համակարգերը կշարունակեն այնտեղ մնալ:
«Ամեն դեպքում, վերջին խոսքը գերագույն գլխավոր հրամանատարինն է՝ Վլադիմիր Պուտինինը», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
ՌԴ ՊՆ-ն նման որոշման կայացման մասին տեղեկությունները դեռևս չի հաստատել, իսկ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման որոշումները հրապարակային կերպով չեն հաղորդվում:
Նշենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվել է Սիրիայի տարածքի ավելի քան 92 տոկոսը: