Ուկրաինան ինձ ձերբակալելու համար չունի ո՛չ համապատասխան ուժ, ո՛չ էլ կատարողներ. Սաակաշվիլի
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ձեռնարկի իրական քայլեր իրեն ձերբակալելու ու արտահանձնելու համար, գրում է ուկրաինական korrespondent.net կայքը:
«Հիմարություն է, թե ինձ կարող են ձերբակալել Կիևում ցանկացած պահի, նրանք դրա համար չունեն ո՛չ համապատասխան ուժ, ո՛չ էլ կատարողներ: Այսօր Ուկրաինայում տեղի է ունենում տնտեսության և գործող իշխանության տապալման ակտիվ գործընթաց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում Շևարդնաձեի ժամանակ»,- հայտարարել է Սաակաշվիլին Կիևից «Ռուսթավի-2»-ի եթերում:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ չի ցանկանում որևէ պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում և որ նրա նպատակն է իշխանափոխության հասնել խաղաղ ճանապարհով:
Նա նաև չի բացառել իր արտահանձնումը Վրաստանին, սակայն, Սաակաշվիլիի խոսքով, դա կարող է տեղի ունենալ միայն անօրինական ճանապարհով:
«Սովորական օրինական գործընթացներով նրանք դա անել չեն կարող: Նման պարագայում նրանք պետք է ինձ ձերբակալեն ու առնվազն մի քանի շաբաթ պահեն կալանքի տակ: Միակ ելքը ինչ-որ տեղ ինձ առևանգելն ու օդանավ մտցնելն է, սակայն դրանով իսկ կսկսվի Ուկրաինայի իշխանությունների տապալումը ժողովրդի կողմից, ինչպես նաև Վրաստանում օլիգարխ Իվանիշվիլիին վտարելու գործընթացի արագացումը», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Սաակաշվիլին հավաստիացրել է, որ հրաշալիորեն գիտակցում է, թե ինչպես վարվել ցանկացած պարագայում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:
Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին: