Նյու Յորքի ահաբեկչին մեղադրանք է առաջադրվել. ՀԴԲ-ն որոնում է երկրորդ կասկածյալին
Միջազգային29-ամյա Սեյֆուլո Սաիպովին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, բռնության եւ տրանսպորտային միջոցների ոչնչացման համար: Հոկտեմբերի 31-ին ծագումով ուզբեկը Նյու Յորքի կենտրոնում վրաերթի է ենթարկել մարդկանց, արդյունքում 8 մարդ է զոհվել, 10-ից ավելին՝ վիրավորվել, փոխանցում է GMA-ն:
Նյու Յորքի փոխոստիկանապետ Ջոն Միլլերը հայտնել է, որ Սաիպովը հարձակումը ծրագրել է մի քանի շաբաթ առաջ, իսկ ահաբեկչությանը սկսել է պատրաստվել մեկ տարի առաջ: Միլլերը նշել է, որ Սաիպովը դա արել է հանուն ԻՊ-ի, ինչի մասին են խոսում մի քանի ապացույցներ, որոնք գտնվել են պատահարի վայրում: «Ամեն ինչ վկայում է, որ նա հետեւել է ԻՊ հրահանգներին, որոնք խմբավորումը տարածում է համացանցով»,- նշել է նա:
ՀԴԲ-ն հետախուզում է հայտարարել ահաբեկչությանը մասնակցած երկրորդ կասկածյալի նկատմամբ: Խոսքը Մուհամմադզուար Քադիրովի մասին է:
Նշենք, որ Սաիպովի մեքենայի մեջ ձեռագիր գրություն է հայտնաբերվել. «Բացի Ալլահից, այլ աստված չկա, իսկ Մոհամմեդը նրա մարգարեն է»:
ABC News-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում Սաիպովը հայտարարել է, որ իր արածով «հպարտանում» է:
Հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ իր ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանները վարորդին վիրավորել են: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10 մարդ վնասվածքներ է ստացել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին: