ԱՄՆ գլխավորած կոալիցիա. Իրաքը ԻՊ-ից գրեթե ամբողջությամբ ազատագրվել է
ՄիջազգայինԻրաքը «գրեթե ամբողջությամբ» ազատագրվել է «Իսլամական պետություն» խմբավորումից, հայտնել են ԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էլ Քաիմ շրջանի եւ Սիրիայի սահմանին առանցքային անցման ազատագրումը կարեւոր նշաձող է ԻՊ-ի դեմ անցկացվող արշավում: Իրաքի անվտանգության ուժերը գլոբալ կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ից ազատագրել են Իրաքի գրեթե ամբողջ տարածքը»,- նշված է կոալիցիայի հայտարարության մեջ:
«Սպառնալիքը դեռեւս պահպանվում է, եւ մեծ աշխատանք է սպասվում, սակայն մենք հետագայում եւս Իրաքի կառավարության ու անվտանգության ուժերի հետ ուս ուսի կկանգնենք, որ երաշխավորենք ԻՊ-ի լիակատար ջախջախումը»,- հայտարարության մեջ բերված է կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ռոբերտ Ուայթի խոսքը:
Իրաքի զինվորականները ուրբաթ իրենց լիակատար վերահսկողության ներքո են վերադարձրել Սիրիայի սահմանին գտնվող Էլ Քաիմ քաղաքը, որը ԻՊ վերջին հենակետերից մեկն էր: