Պուչդեմոնը և Կատալոնիայի կառավարության 4 նախկին անդամները ձերբակալվել են
ՄիջազգայինԿատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը և շրջանի կառավարության չորս նախկին անդամները ձերբակալվել են: Այդ մասին հայտնել է Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Բոլոր հինգը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, այսօր առավոտյան Բրյուսելում ներկայացել են ոստիկանություն: Նրանք ձերբակալվել են»,- հայտարարել է նա լրագրողներին:
Պուչդեմոնը և կատալոնական կառավարության մյուս անդամները ներկայացել են ոստիկանություն փաստաբանների ուղեկցությամբ:
Դատախազության ներկայացուցչի խոսքերով՝ բելգիացի դատավորները 24 ժամ ունեն հետագա քայլերը որոշելու համար:
Շաբաթ Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ ուսումնասիրում են Իսպանիայից ստացած Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության օրդերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կառլես Պուչդեմոնը հայտնել է իր ձերբակալության եվրոպական օրդերի առնչությամբ Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Ուրբաթ Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին:
Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու մեջ: