Ինձ ձերբակալեցին Էրդողանի ելույթից հետո․ Օսման Քավալան նշել է իրեն թիրախավորողի անունը
ՄիջազգայինԵրբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինձ անվանեց Թուրքիայի Սորոս, դրանից հետո ինձ ձերբակալեցին։ Նման հայտարարություն է արել «Անատոլիայի մշակույթ» ՀԿ-ի նախագահ, թուրք հայտնի գործարար Օսման Քավալան։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Օսման Քավալան ասել է, որ իր դեմ մեծ անարդարություն է տեղի ունենում։ «Ինձ ձերբակալելը իշխանությունների կողմից ընդդիմությանը լռեցնելու շրջանակներում է տեղի ունեցել։ Ադեկվատության սահմաններից դուրս է, երբ ինձ ու կնոջս մեղադրում են գյուլենականների հետ կապերի մեջ։ Երբ 90-ականներին գյուլենականներին քիչ գիտեին, մենք այդ վտանգը զգացել էինք ու պայքարում էին դրա դեմ»,-ասել է Օսման Քավալան՝ շեշտելով, որ իրեն ձերբակալեցին, երբ Էրդողանն իրեն անվանեց Թուրքիայի Սորոս։
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։