Հունգարիան ցանկանում է փոխել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը
ՄիջազգայինՀունգարիան նախաձեռնել է փոփոխություններ անել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրի նախագծում, որը կկայանա նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, Ուկրաինայի փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեի խոսքով՝ պատճառն ուկրաինական նոր օրենքն է կրթության մասին: Օրենքը, որը սահմանափակում է ազգային փոքրամասնությունների լեզվով կրթության հնարավորությունը, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 28-ին: Որոշ երկրների կառավարություններ, այդ թվում՝ Ռումինիայի և Հունգարիայի հայտարարել են, որ այդ օրենքը խախտում է Ուկրաինայում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Բուդապեշտը պնդում է, որ հռչակագրում ձևակերպում լինի այն մասին, որ գործընկեր երկրները «կհարգեն այն իրավունքները, որոնք արդեն ունեն ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք»:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է վեց երկրի՝ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը: Այդ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան: