Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների
ՔաղաքականՄարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ բարձր մակարդակով հայ-վրացական մշտական շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու նախանշելու նոր ծրագրեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգայն կառույցների շրջանակներում փոխգործության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների: