«Դուխով աշխատելը կարեւոր է, բայց․․․»․ Սպարտակ Սեյրանյան
ՔաղաքականԱյս կառավարության ծրագիրն ինձ համար ավելի շատ տեսլական է: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժ-ամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
«Ծրագրում պետք է թվարկվեն այն գործիքներն ու գործիքակազմը, որոնցով այդ ծրագրի ժամանակացույցը պետք է կյանքի կոչվեն: Կարեւոր են ժամկետներ, նաեւ պարբերաբար հաշվետվողականությունը»,-ընդգծեց Սեյրանյանը:
Նա չհամաձայնեց ծրագրային դրույթը, որտեղ մշակույթի հետ հաղորդակցվելը դիտարկում է որպես մշակութային քաղաքականության գերակա սկզբունք: «Շեշտադրումը պետք է արվի քաղաքացու արարելու վրա: Ստեղծեք բոլոր պայմանները, որ ստեղծագործող մարդը կարողանա արարել: Մշակույթի մեջ գոնե եկեք բացառենք մրցակցությունը, ամբողջ աշխարհը գնում է համագործակցության: Մյուս խնդիրը մշակութային օջախների պահպանության խնդիրն է, որը պետք է չդրվի միայն պետության ուսերի վրա: Խիստ վտանգավոր է մեր նման հարուստ մշակույթի թանգարանայնացման տենդենցը, մենք մեր մշակույթը չպետք է խցկենք ցուցափեղկերի տակ»:
Նա կարծիք հայտնեց, որ իր համար բոլորովին կարեւոր չէ, թե ինչ թափանցիկությամբ է որեւէ մշակութային անճաշակ նախագիծ կյանքի կոչվում: «Դուխով աշխատելը շատ կարեւոր է, բայց շատ ավելի մեծ դուխ ու խոհեմություն է պահանջում սխալներն ընդունելը, բոլորին լսելը՝ խորհուրդների, առաջարկների իմաստով»: