«Ժառանգության» նախաձեռնությամբ կայացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում
ՔաղաքականԱյսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում:
Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որ առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո և համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան:
Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին և բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը:
Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում: