Ամերիկացի լրագրող, պահպանողական ակտիվիստ Ջեյմս Օ'Քիֆը կերպարանափոխվել է և «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի կերպարով կարողացել է առանց խոչընդոտի անցնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ կերպ նա ցանկացել է ստուգել, թե որքանով են հավաստի ամերիկացի գործիչների հայտարարությունները՝ սահմանի անվտանգության վերաբերյալ։
Իր փորձի համար Օ'Քիֆն ընտրել է Ռիո Գրանդե սահմանային կետի մի հատված, որը բաժանում է ԱՄՆ-ն ու Մեքսիկան: Նախ նա սահմանն անցել է սովորական հագուստով, իսկ ավելի ուշ՝ զինվորական համազգեստով և բին Լադենի դիմակով: Երկու դեպքում էլ նա որևէ սահմանապահի չի հանդիպել:
«Ես որևէ խոչընդոտի չեմ հանդիպել՝ ո՛չ պատ, ո՛չ զինված մարդիկ: Հազարավոր մարդիկ Հարավային Ամերիկայից, Հոնդուրասից, Գվատեմալայից ԱՄՆ են եկել այդ կերպ, ու դեռ շատերը կկարողանան անօրինական հատել սահմանը: Եվ թույլ տվեք ասել, որ երբ նախագահը հայտարարում է, թե սահմանն անվտանգ է, դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է ակտիվիստը:
ԱՄՆ-ի Մաքսային և սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ իրենք չեն կարող ամեն տեղ միաժամանակ լինել: