«Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սևեռել` իրավիճակը լարված պահելով»,-այսօր երկրի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ չնայած ադրբեջանական կողմը շարունակ սադրանքների է գնում, սակայն պատերազմ չի լինի։ Քանզի հայկական զինուժը թույլ չի տա ադրբեջանական որևէ ոտնձգություն,-հայտնում է Orer.am-ը։
«Ուղաթիռի կործանումը վերջին 20 տարվա ընթացքում, հրադադարի հայտարարման պահից ամենացավոտ միջադեպն էր մեզ համար»,- ասաց պատգամավորը, ավելացնելով որ հարցը քննարկվում է միջազգային կառույցների կողմից և կունենա իր հետևանքները։
Պատգամավորը անդրադարձավ նաև այս շաբաթ ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցին, կապված Արցախի ինքնորոշման ճանաչմանը։
«Հարցը բազմիցս քննարկվել է և ՀՀԿ-ն բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք չենք ընդունում այն, որ պատվերով հայրենասիրություն են խաղում», -ասաց Գագիկ Մելիքյանը։
Պատգամավորը նշեց, որ հարցի քննարկումը այս պարագայում անընդունելի է համարում, քանի որ դա ժամանակավրեպ է և կողմերին որևէ առավելություն չի բերի, բացի հակասությունների ավելացումից։