Սյունիքի մարզի չորս գյուղական համայնքներում' Կուրիսում եւ Ձորաստանում' համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում եւ Անտառաշատում' համայնքի ավագանու, դեկտեմբերի 14-ին կայանալիք հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզի թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ներից, թեկնածուների առաջադրման վերջին օրը համայնքների ղեկավարների համար նոր առաջադրումներ չեն եղել:
Ձորաստանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուները երեքն են' ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանին, ինքնաառաջադրվել են անկուսակցական կենսաթոշակառու Իգնատ Դավթյանը եւ ՀՀԿ անդամ Գեւորգ Հարությունյանը, ով աշխատում է Կապանի մարզադպրոցում' որպես տնտեսվար: Կուրիս համայնքի ղեկավարի համար առաջադրվել է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, ինքնաառաջադրվել է կենսաթոշակառու Վարդան Գալստյանը:
Անտառաշատի եւ Քարաշենի համայնքների ավագանիների համար ի նքնաառաջադրվել են վեցական թեկնածուներ: Քարաշենի համայնքի ավագանու բոլոր թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, իսկ Անտառաշատի համայնքի ավագանու թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամ են, 3-ը' անկուսակցական: