Իրաքում նոյեմբերի 14-ին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 17 զինծառայող է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է Թիրքիթ քաղաքի հյուսիսում գտնվող համալսարանի մոտ: Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել 11 զոհերի և վիրավորների մասին:
Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին' իրաքյան ուժերը «Իսլամական պետության» դեմ պայքարի արդյունքում մոտեցել են Բայջիի նավթավերամշակման գործարանին: Բախումներն այժմ ընթանում են Բայջի քաղաքի և գործարանի միջև ընկած տարածքում գտնվող գյուղում: Կառավարական ուժերի առաջընթացը կանխելու համար ահաբեկիչներն ամենուր պայթուցիկ սարքավորումներ են տեղադրել:
Բայջի քաղաքը, ինչպես նաև երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանը հունիսից հայտնվել են ԻՊ-ի հսկողության տակ:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: