ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ժամանակավորապես անջատել է էլեկտրոնային փոստի իր համակարգը, որպեսզի մասնագետները հաքերային գրոհներից դրա պաշտպանությունն ուժեղացնելու աշխատանքներ կատարեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ավելի վաղ Սպիտակ տան համակարգչային ցանցում նկատվել է «կասկածելի ակտիվություն»: Խոսքը ոչ թե գաղտնի ցանցերի, այլ նախագահի գործադիր գրասենյակի համակարգիչների մասին է: Պետդեպարտամենտում հայտարարել են, որ մոտավորապես միաժամանակ համանման միջադեպ է տեղի ունեցել նաեւ իրենց մոտ:
Այդ կապակցությամբ դեռ նոյեմբերի 14-ին Պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստի ծառայությունն արգելափակվել է արտաքին քաղաքական գերատեսչության ցանցերի պաշտպանության ուժեղացման աշխատանքներ իրականացնելու համար: Դրանք կավարտվեն երկուշաբթի կամ երեքշաբթի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: