Համաշխարհային տնտեսությանը ֆինանսական նոր գլոբալ ճգնաժամ է սպառնում: Այս նախազգուշացմամբ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել Բրիսբենում G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված հոդվածում, որը հրապարակվել է The Guardian թերթի կայքում:
«Ֆինանսական կրախից վեց տարի անց, որը ծնկի բերեց աշխարհը, համաշխարհային տնտեսության կառավարման վահանակի վրա վերստին կարմիր լույսեր են թարթում»,- գրում է բրիտանական կառավարության ղեկավարը:
«Երբ ես «Բրիսբենում «քսանյակի» գագաթնաժողովում հանդիպում էի աշխարհի ղեկավարների հետ, հիմնախնդիրները պարզորոշ երևում էին,- նշում է նա:- Եվրոգոտին անկման երրորդ ալիքի եզրին է՝ բարձր գործազրկությամբ, նվազող աճով և գների անկման իրական վտանգով: Զարգացող շուկաները, որոնք ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում համաշխարհային աճի լոկոմոտիվներն էին, դանդաղեցնում են դինամիկան»,- շարունակում է Քեմերոնը:
Գլոբալ տնտեսության մյուս սպառնալիքների թվում նա նշել է համաշխարհային առևտրի ազատականացման շուրջ բանակցություններում տիրող լճացումը, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակը և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: