Կհասկանա՞ արդյոք Վրաստանը ուղարկված մեսիջը. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը՝ Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևին դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել այդ քվեարկությանը: Ի դեպ, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Հասկանալի է, որ այս բանաձևն ինքնին հակառուսական է, և այս քվեարկությունը բավական երկիմաստ է: Իհարկե, լավ կլինի, որ Վրաստանը հասկանա ՀՀ կողմից ուղարկված մեսիջը, սակայն գրեթե անհավանական է, որ Վրաստանը չստորագրի հակահայկական բանաձևերի տակ, ասենք՝ չի խրախուսի Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը և տարվող դիվանագիտությունը:
Կա նաև հարցի երկրորդ ու ոչ պակաս կարևոր բաղադրիչ. որոշ քաղաքագետների կարծիքով, այս քվեարկությունը կարող է և որոշակի ազդեցություն ունենալ հայ-ռուսական առանց այդ էլ փխրուն հարաբերությունների վրա: Այս հանգամանքը ուշագրավ է հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի համատեքստում, քանզի հնարավոր է՝ այս մասին խոսակցություն լինի: Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ նման երկիմաստ քայլերի պարագայում կարևոր է կառուցել այնպիսի հարաբերություններ ու երկխոսություն ՌԴ-ի հետ, որպեսզի վերջնարդյունքում տուժողը մենք չլինենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում