Ժողովրդավարական հասարակություններում ոստիկանությունը հաշվետու է հենց հասարակության առջև: «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: «Ոստիկանության պատվիրատուն հարկատուն է, այսինքն' ժողովուրդը: Ոստկանությունը մշտապես հաշվետու է վերահսկողություն իրականացնող մարմինների առջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիազարյանը:
Նա ընդգծեց, որ վերահսկող մարմինները պարբերաբար մշտադիտարկման են ենթարկում ոստիկանության աշխատանքը և տալիս համապատասխան դիտողություններ ու առաջադրանքներ: Փոխոստիկանապետը հավաստեց, որ իրենք մշտապես համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ: «Կարևորելով և ամրապնդելով հասարակություն-ոստիկանություն կապը' տեղի են ունենում ամենշաբաթյա ասուլիսներ և Skayp-ի միջոցով հարցուպատասխան, որոնք ամրապնդում են ոստիկանություն-հասարակություն կապը»,- ընդգծեց նա: