Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին կշարունակվի, սակայն այն պատերազմի չի հանգեցնի, քանի որ պայմաններն այլ են, և տարածաշրջանային խաղացողների շահերից չի բխում Հարավային Կովկասում պատերազմի վերսկսումը: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Իսկանդարյանն ասաց, որ ինչպես օգոստոսին, այնպես էլ հիմա հայկական զինված ուժերը պատասխան կտան, սակայն դա որևէ քաղաքական արդյունքի չի բերի, այլ ժամանակավորապես կլռեցնի Ադրբեջանին: Ըստ քաղաքագետի՝ սա առաջին անգամը չէ, և Ադրբեջանի ղեկավարությանը հարկավոր է մի բան ասել, մի բան ցույց տալ իր ժողովրդին, և դրա համար էլ լարվածություն է առաջացնում սահմանին: Ուղղաթիռի խոցումն, ըստ նրա, օգոստոսյան լարվածության պատասխանն է, որպեսզի ցույց տան, որ իրենք էլ կարող են լուրջ պատասխաններ տալ:
«Հայկական կողմի պատասխանը քաղաքական որևէ արդյունքի չի բերում: Ոչ միայն ռազմական կամ դիվանագիտական պատասխան պետք է լինի, այլ համակարգային, համընդհանուր, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որի վրա որևէ ազդեցություն ունենալ հնարավոր չէ»,- ասաց Իսկանդարյանը' հավելելով, որ որոշ ժամանակ բանակցությունները կդադարեցվեն, որից հետո միջազգային կազմակերպություններն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր կգործադրեն, որպեսզի բանակցությունները շարունակվեն և ստատուս քվոն պահպանվի: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հայտարարություններին՝ Իսկանդարյանն ասաց, որ ինչպես նախորդ միջադեպերի ժամանակ, այնպես էլ հիմա հայտարարությունները պետք է լինեն չեզոք, ոչինչ չասող և պահանջեն երկխոսության շարունակություն ու խաղաղ ճանապարհով բանակցությունների շարունակություն: