Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2014 թվականի մրցաշրջանի արդյունքներով գերազանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին կարիերայի ընթացքում մրցաշարերում վաստակած գումարի չափով, հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը։
Ավարտված մրցաշրջանում 14 250 527 դոլար վաստակելով՝ 27-ամյա սերբ թենիսիստը իր մրցանակային գումարների չափը հասցրել է 72 403 908 դոլարի, ինչը մոտավորապես մեկ միլիոնով ավելի է 28-ամյա իսպանացու վաստակածից՝ 71 379 236 դոլար, որից 6 736 843-ը՝ այս տարի։
Նշենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի հաղթող Նադալը առողջական տարբեր խնդիրների պատճառով բաց է թողել այդ հեղինակավոր մրցաշարի վերջին 9-ից երեքը, մինչդեռ 7-ակի չեմպիոն Ջոկովիչը ոչ մեկից չի բացակայել։