Զոհրաբ Մնացականյանը լիբանանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր
ՔաղաքականՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում և ոլորտներում առկա ակտիվ երկխոսության և շփումների կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական գործընկերության ամրապնդման և առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած և երկու երկրների միջև կամրջող օղակ հանդիսացող հայ համայնքի դերը:
Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու կրոնական ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին և պայքարելու քաղաքական նպատակներով կրոնի և հավատքի շահարկման դեմ: