Կոլումբիայի Կալի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 11-ամյա մի աշակերտուհու՝ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ թմրասուրհանդակին: Ինչպես գրել է The Sun Daily-ին, աղջիկը փորձել է Եվրոպա անցկացնել թմրանյութերով լի ավելի քան հարյուր պատիճ՝ 500 – 600 գրամ ընդհանուր քաշով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քաղաքի ոստիկանապետ Հուվեր Պենիլայի խոսքով՝ անցած հանգստյան օրերն աղջիկն անցկացրել է հոր հետ, քանի որ նրա ծնողները բաժանված են: Վերադառնալով տուն՝ մոր մոտ, նա իրեն վատ է զգացել, և նրան տարել են հիվանդանոց, որտեղ աղջկան զննելուց հետո վիրահատել են:
«Նրա ստամոքսից հանել են թմրանյութերով լի 104 պատիճ: Այժմ աշակերտուհին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Այս պահին պարզվում է, թե հատկապես ինչ արգելված նյութեր են պարունակում պատիճները»,- նշել է Պենիլան՝ աշակերտուհուն համարելով «ամենաերիտասարդ թմրասուրհանդակը, որին երբևէ ձերբակալել է Կոլումբիայի ոստիկանությունը»:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն աղջկա հոր հետախուզում են հայտարարել: «Ակնհայտ է, որ մեծահասակները նրան ներքաշել են իրենց հանցավոր սխեմայի մեջ»,- հավելել է ոստիկանապետը: