Բանակը մեր պետության ամրության երաշխիքն է․ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ նախարարությունից:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության մակարդակն ու պահեստազորում գրանցված քաղաքացիների օպերատիվ մոբիլիզացիային ուղղված մեր ջանքերը։ «Զորավարժությունների ընթացքում խաղարկված իրավիճակները մեզ համար պետք է դառնան առօրյայի մաս: Մենք ստիպված ենք ապրել բարձր զգոնության պայմաններում և ցանկացած պահի լինել մեր բանակի կողքին, քանզի բանակը մեր պետության ամրության երաշխիքն է», ասել է Սուրեն Պապիկյանը։
Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ներկայացվել են նաև ՀՀ մարզերի (ըստ համայնքների) եկամուտների հավաքագրման արդյունքները։ Այսպես, 2019թ․ ութ ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 28,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 3,8 մլրդ դրամով կամ 15,2 %-ով։
Հանդիպմանը քննարկվել են նաև մարզային և համայնքային առաջնահերթ կարևորության մի շարք հարցեր։