Տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում
ՔաղաքականԱրդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր՝ փոտրվարի 12–ին, տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով: Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքում փոխնախարար Գայլանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին քննարկմանը ներկա գտնվելու և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացին շարունակական հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ հատկապես ընգծելով գործընկեր հասարակական կազմակերպությունների ընդդիմախոսական կեցվածքի կարևորությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի զգոնության խթան: Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմնի ստեղծման գործընթացին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերն ընդունվեն հնարավորին մասնակցային և ներառական գործընթացի արդյունքում՝ այդպիսով ապահովելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային լայն վստահություն: