Քանի դեռ ՀՀ-ում չկա նոր իրավական, լեգիտիմ իշխանություն, ես եւ «Ժառանգությունն» այլեւս երբեք չենք բարձրացնելու Արցախի ճանաչման հարցը. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում խոսել է 10 օր առաջ խոցված հայկական ուղղաթիռի մասին,-հայտնում է Օrer.am կայքը: Պարոն Հովհաննիսյանը նշել է, որ սա պետք է դատապարտվի ոչ միայն հայերի, այլ նաև ողջ մարդկության կողմից: Միջազգային հանրությանը դատապարտելու կոչով հացադուլ հայտարարած՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի մասին խոսելիս, Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ հպարտ է Դավիթով, բայց խնդրեց, որպեսզի վերջինս դուրս գա հացադուլից: Հովհաննիսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արցախը միջազգային ճանաչում պետք է ունենա: Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ անվտանգության հարցերը պետք է լուծվեն հիմա, մենք չպետք է սպասենք հաջորդ ուղղաթիռին: Պարոն Հովհաննիսյանը նաև հավելել է, որ այսօր Արցախը նույնպես պատրաստ չէ միջազգային ճանաչման և խնդիրը ոչ միայ Հայաստանի ու նրա իշխանությունների մեջ է. «Քանի դեռ ՀՀ-ում չկա նոր իրավական, լեգիտիմ իշխանություն, ես եւ «Ժառանգությունն» այլեւս երբեք չենք բարձրացնելու այս հարցը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լևոն Փանոսյան