Բրիտանական ավտոարշավորդ Մայք Նյումանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` Nissan GT-R սուրպերմրցույթի ժամանակ 320 կմ. ժ. արագություն զարգացնելով: Ձեռքբերումը իհարկե աչքի չէր ընկնի, եթե չլիներ մի նրբերանգ` Մայք Նյումանը կույր է:
Ռեկորդը սահմանվել է Հյուսիսային Յորքշիրի կոմսության Յորք քաղաքի թռիչքա-վայրէջքային ուղու վրա: Կույր ավտոարշավորդը ռեկորդը սահմանել է միայն լսելով այն հուշումները, որոնք հեռախոսով նրան հաղորդել է հայրը: Երկու շրջապտույտների գումարային արդյունքը կազմել է 328 կմ.ժ.:
“Դա հիասքանչ է: Ես մի քանի տարի աշխատում էի աս արդյունքին հասնելու համար և ահա այսօր ինձ դա հաջողվեց”,- արդեն մրցումից հետո իր տպավորություններով է կիսվել Նյումանը:
Պետք է նկատել, որ սա կույր ավտոարշավորդի առաջին նվաճումը չէ: Առաջին ռեկորդը Նյումանը սահմանել է դեռ 2008-ին Jaguar XKR-ով զարգացնելով 232,8 կմ. ժ. արագություն, ապա երեք տարի անց նա գերազանցել է սեփական ռեկորդը BMW M5-ով հասնելով 286,4 կմ.ժ արագության, իսկ անցյալ տարի արդեն Porsche 911 GT2-ով հասել էր 299,3 կմ.ժ արդյունքի: Հետաքրքրական է, որ մինչ ավտոաշխարհ մուտքը, ի ծնե կույր Մայք Նյումանը բավական հաջող կարիերա է ունեցել տեղի մասնավոր բանկերից մեկում, իսկ ավտոմրցումներով որոշել է զբաղվել, որպեսզի ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց մոտ զարգացնի հետաքրքրությունն ավտոսպորտի նկատմամբ: