«Վախենում եմ, բայց նաեւ վստահում եմ». Լուսինի եւ Վահագնի ընտանիքի աշխույժ կարանտինը
LifestyleԴերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն այս օրերին մեկուսացել են իրենց երկու երեխայի հետ: Արան շուտով կդառնա չորս ամսական: «Ես ու իմ փոքրիկ ընկերն արթնանում ենք, շփվում իրար հետ եւ վայելում միմյանց, մինչեւ Ռուզիկս արթնանում է, եւ սկսվում է մեր տան աշխուժությունը: Խրախճանքին է միանում նաեւ Վահագնը, սակայն դասերի ժամին ամուսինս կամացուկ հեռանում է»,- BRAVO.am-ին պատմել է Լուսինը:
Նա վստահեցնում է, որ ավագ քրոջ սերն ու հոգատարությունը եղբոր հանդեպ անսպառ է ու ջերմագին.«Ռուզիկս երբեք չի խանդել, անչափ սիրում է եւ միշտ ինձ օգնում նրան խնամելու ու պահելու հարցում: Ես լիովին վստահում եւ հույս եմ դնում նրա վրա, քանի որ շատ խնամքով ու ուշադիր է, գրկում եւ զբաղեցնում է: Հաճախ են ինձ հարցնում՝ արդյոք չեմ վախենում, որ կգցի ձեռքից: Իհարկե, վախենում եմ, բայց նաեւ վստահում եմ. կարեւորը վստահությունն է, որովհետեւ այդ դեպքում մարդ ավելի պատասխանատու է դառնում»:
Բեմ վերադառնալու մասին Լուսինը նշել է հետեւյալը.«Դեռ փետրվարին էի պատրաստ վերադառնալ աշխատանքի, բայց այդ ժամանակ սկսվեցին թատրոնի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտին տարածվեց համաճարակը: Աստված տա՝ շուտ նահանջի: Իհարկե, պետք է աշխատեմ. շատ եմ կարոտել աշխատանքս»:
