Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում երկու պաշտոնյաներ մտադիր են իրենց թեկնածությունը դնել Քալիֆորնիայի օրենսդիր ժողովի 2016թ. ընտրություններում: Երկուսն էլ ֆինանսական կոմիտեներ են ստեղծել, որպեսզի իրենց թեկնածությունը դնեն այն պաշտոնի համար, որը ներկայումս զբաղեցնում է Օրենսդիր ժողովի անդամ Մայք Գատոն:
«Glendale News-Press»-ը գրում է, որ քաղծառայող Արտաշես Քասախյանը եւ քաղխորհրդի անդամ Լորա Ֆրիդմանը ձգտում են քաղաքական կարիերա անել Սակրամետոյի Կապիտոլիումում: Երկուսն էլ վերջերս կոմիտեներ են ձեւավորել քարոզարշավի դրամահավաք կազմակերպելու համար: 43-րդ ընտրական շրջանն ընդգրկում է Գլենդելը, Բըրբենքը, Լա Քրեսենտուն եւ Լա Քանյադա Ֆլինթրիջը: Մայք Գատոն շրջանը ներկայացնում է 2010 թ. հունիսից: Նա պետք է երրորդ ժամկետ վերընտրվի այս տարվա նոյեմբերին, եւ եթե հաղթի, ապա ժամկետը կավարտվի 2016 թ.:
Քասախյանը ներկայումս քաղծառայող է, սա նրա երրորդ ժամկետն է: «Ինձ խորապես մտահոգում է այս շրջանը: Այստեղ ես մեծացել եմ, դպրոց գնացել, այստեղ ապրում եմ եւ աշխատում եւ ծրագրում մեծացնել իմ երեխաներին»,– ասել է նա, հավելելով, սակայն, որ դեռ շատ վաղ է խոսել շրջանի կոնկրետ խնդիրների մասին: