Մենք չենք ասում՝ ինչու չհաղթեցիք պատերազմը, ինչու մենք չկանխեցինք պատերազմը. Գեղամ Նազարյան. ուղիղ
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի 44-օրյա պատերազմի զոհերի իրական թիվը:
«Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու հորդորով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Եվ այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ:
Պատգամավորը պնդեց, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,- հավելեց պատգամավորը: